Չավուշօղլուն պատասխանել է Կատարի թուրքական ռազմաբազան փակելու կոչերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է Կատարում ստեղծվող թուրքական ռազմաբազան փակելու մասին Ծոցի երկրների կողմից հնչեցվող կոչերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան և Կատարը՝ որպես երկու ինքնիշխան երկիր, համաձայնագիր են ստորագրել ռազմաբազա ստեղծելու մասին: «Երկու ինքնիշխան երկրի միջև առկա խնդիրը մյուս երկրներին չի վերաբերում, սակայն անհրաժեշտ է, որ նրանք հարգեն այդ որոշումը: Երեկ երեկոյան խոսել եմ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլի հետ՝ այս մասին նրանց բացեիբաց ասելով: Նա փորձեց պարզաբանումներ անել, սակայն դա ճիշտ չէ: Հուսով եմ, որ սխալական մոտեցումները կվերանայվեն և մեր եղբայրներ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները կնստեն և եղբայրական ոգով կհարթեն բոլոր տարաձայնությունները»,- ասել է Չավուշօղլուն:

Արաբական մի շարք երկրներ պահանջների մի խումբ էին ներկայացրել Կատարին, որոնցում ներառված էր նաև թուրքական ռազմաբազան փակելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում