Գերմանիան արգելել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ հայտարարված Էրդողանի թիկնազորի անդամներին գալ Համբուրգ

Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթնաժողովին ընդառաջ գերմանական կողմը հայտնել է, որ չի ցանկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներից մի քանիսի մուտքը երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից պաշտոնական Անկարային հայտնել են, որ չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Էրդողանի թիկնազորի այն 12 անդամներին, ովքեր Վաշինգտոնում հարձակվել էին ցուցարարների վրա և ում նկատմամբ կա կալանքի որոշում:

Բացի այդ, Welt am Sonntag-ը հայտնում է, որ Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գրասենյակից թուրքական կողմին նախազգուշացրել են, որ հնարավոր բողոքի ցույցերի պարագայում թիկնազորի անդամներն իրավունք չունեն միջամտելու:

Համբուրգի ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ թույլ չեն տալու իրենց քաղաքում Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերի կրկնությունը: «Մեր փողոցներում անցնում է Համբուրգի ոստիկանության խոսքը»,- հայտնել են գերատեսչությունից:

Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում են բողոքի ակցիաներ: Մասնավորապես հայտնի է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցները Թուրքիայի ղեկավարության դեմ բողոքի ակցիա են կազմակերպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում