Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար

Հայաստանի պետական պարտքը 2016 թ. ճշգրտված տվյալներով կազմել է 5.9 միլիարդ դոլար: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դրանից 5.4 միլիարդը կառավարության պարտն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Վարդան Արամյանը.

ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1 միլիարդ 137 միլիարդ դոլար: «Երաշխիքներով տրված վարկերը, որոնք հիմնականում Կենտրոնական բանկի միջոցով տրված վարկերն են, կազմել են 146 միլիոն դոլար»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ 2014 թ., նախորդ տարվա նկատմամբ, Հայաստանի անվանական պարտքը չի ավելացել, սակայն քանի որ եղել է փոխարժեքի շուրջ 17 տոկոս արժեզրկում, այն հանգեցել է պարտքի աճի՝ նույնիսկ այն պայմաններում, երբ անվանական պարտքը նվազել է: «2015-2016 թթ. մեզ մոտ պարտքի զգալի աճ կա: Արտաքին պարտքը, որ մենք 2015-2016 թթ. վերցրել ենք, կազմել է 510 միլիոն դոլար: Դա գրեթե նույնքան գումար է, որքան մենք այդ ընթացքում տրանսֆերտների կորուստներ ունեցանք: Ուստի, եթե չվերցնեինք այս պարտքը, դա ոչ միայն կհանգեցներ տնտեսական ավելի ցածր ցուցանիշների ու անկման, այլ նաև ճնշումներ կլինեին արտարժույթի շուկայում»,- նշեց Վարդան Արամյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում