Հայաստանի կառավարությունը գնում է պետական պարտքն աստիճանաբար կայունացնելու ճանապարհով

Հայաստանի կառավարությունը 2017թ. գնում է երկրի տնտեսությունը և պետական պարտքն աստիճանաբար կայունացնելու ճանապարհով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցին: «Մենք գնում ենք պարտքը կայունացնելու ճանապարհով, որովհետև աստիճանաբար աճող պարտքը հանգեցնելու է արտամղման էֆեկտի՝ տոկոսադրույքներն ենք վճարելու, իսկ դրանից հետո ստիպված ենք լինելու խեղդել մնացած ծախսերը: Որպեսզի սա չլինի, մենք 2017թ. հայտարարել ենք կայունացման տարի»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Նա հավելեց, որ 2017թ. հետո կառավարությունը շեշտը դնելու է զարգացման քաղաքականության վրա: «Այս առումով ճիշտ կլինի, որ մենք պահենք որոշակի կանոններ հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից: Մեզ մոտ պետք է բարձր լինեն կապիտալ ծախսերը: Մենք կարծում ենք, որ ապագա տարիներին ճիշտ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի այն, որ մենք ուժեղացնենք մեր տնտեսական հենքերը, իսկ դա պետք է լինի կապիտալ ծախսերի միջոցով»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում