Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին վթարից տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին հունիսի 24-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 8 զինծառայողների վիճակը բավարար է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վթարից տուժած բոլոր 8 զինծառայողների մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հունիսի 24-ին՝ ժամը 08:31-ին, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է 8 ստացվել այն մասին, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կիլոմետրին, Դարանակ գյուղի տարածքում, ՀՀ ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ -66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը, որի ընթացքում մեքենայի թափքը պոկվել է։ Նրանում գտնվող պայմանագրային 20 զինծառայողներից 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Մի փոքր ուշ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Երևան է տեղափոխվում 8 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում