Ալեքսանդր Ցինկերը 28 տարի Հայաստանում ապրելուց հետո այստեղ իրեն զգում է ինչպես տանը

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը, ով Հայաստան է ժամանել քննարկելու հայ-իսրայելական նորաստեղծ հասարակական ֆորումի ընթացիկ աշխատանքները, ամեն անգամ Հայաստան այցելելիս իրեն զգում է ինչպես տանը: Կնեսետի նախկին պատգամավորը շուրջ 28 տարի ապրել է Երեւանում, եւ վստահեցնում է՝ այժմյան Երեւանը նույնը չէ:

«Երբ իջնում եմ «Զվարթնոց»-ում, հիշում եմ այն տարիները, երբ գործուղումների էի գնում և վերադառնում Հայաստան, զգում էի, որ գալիս եմ տուն։ Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2006 թվականին, եւ կարող եմ ասել, որ այս 11 տարիների ընթացում շատ բան է փոխվել: Այժմ Երեւանը կարծես տոն-քաղաք լինի: Այն տպավորությունն է, որ ինձ հետ Հայաստան ժամանած մարդիկ եկել են ոչ թե ինձ հետ, այլ ինձ մոտ: Հյուրանոցից դուրս եմ գալիս, մի երիտասարդ տղա, ուղեկցելով ինձ, բացում է դուռն ու առաջարկում օգնություն, թե որ կողմով գնամ: Հարցրի՝ քանի տարեկան ես, բալիկ ջան, ասաց՝ 22, ես էլ ասացի՝ 28 տարի ապրել եմ այստեղ, ուզում ես քեզ մի քանի բան պատմեմ քաղաքի մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ Հայաստանում կան խնդիրներ, եւ Իսրայելը պատրաստ է ներկայացնել իր փորձը, օրինակ` արտագաղթի դեմ պայքարում: «Այնպես անենք, որ մարդիկ չգնան Հայաստանից, այլ գնացողները հետ վերադառնան։ Իսրայելում դրա համար շատ բան է արվում»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում