Մակրոնը հաստատեց Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու հանձնառությունը

Ֆրանսիան հավատարիմ է մնում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված Մինսկի պայմանավորվածություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո:

«Ես նախագահ Պորոշենկոյին հավաստեցի Մինսկի գործընթացին աջակցելու իմ ցանկությունը»,-ասել է Մակրոնը՝ հույս հայտնելով, որ «նորմանդական ձեւաչափով» (Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ եւ Ուկրաինա) նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս:

Ընդսմին Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում «ուկրաինայի ինքնիշխանությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

«Մենք, ինչպես եւ ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,– հայտարարել է Մակրոնը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում