Հայաստան կժամանի Իսրայելի տարածաշրջանային զարգացման նախարարի ղեկավարած պատվիրակությունը

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը Հայաստանում է՝ քննարկելու հայ-իսրայելական նորաստեղծ հասարակական ֆորումի ընթացիկ աշխատանքները:

Դեռեւս նախորդ տարի՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ ձեւավորվեց մի հարթակ, որը պետք է ծառայեր երկու երկրներում շահագրգիռ անձանց ներգրավմամբ համատեղ ծրագրերի, բիզնես ներդրումների, տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ մշակութային երկխոսության, առողջապահական եւ գիտական տարբեր ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:

Ֆորումի հայկական կողմի համաղեկավար, հայ ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր Հայկ Քոթանջյանի խոսքով՝ դեռեւս երկու տարի առաջ էին ընթանում ֆորումի ստեղծման մասին քննարկումները, որոնք ի վերջո բերեցին դրա ստեղծմանը:

«Երկրների միջխորհրդարանական-բարեկամական խմբերի ղեկավարների համաձայնությամբ որոշեցինք ստեղծել ոչ քաղաքական մի հարթակ, որը կուղեկցեր այս խմբերի գործունեությունը եւ հիմք կնախապատրաստեր երկու երկրների մասնագետների եւ մասնագիտական կազմակերպությունների համագործակցության համար: Անհրաժեշտ էր լեգիտիմացնել այս հարթակը, եւ խմբերի ղեկավարները համատեղ նիստում արձանագրությամբ հաստատեցին ֆորումի ստեղծումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Քոթանջյանը:

Ֆորումի համաղեկավար Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ առաջին հայ-իսրայելական բարեկամական խումբը հիմնադրվել է հենց իր կողմից 1999 թվականից, եւ նման հասարակական ֆորումի ստեղծումը հետապնդում էր եւս մի նպատակ՝ անկախ խորհրդարանական ընտրություններից, պատգամավորական փոփոխվող կազմից, ֆորումը շարունակելու է իր գործունեությունը ամեն անգամ այն զրոյից սկսելու փոխարեն:

«Դրա վառ օրինակն այն է, որ բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը տեղափոխվեց նոր պաշտոնի որպես Պաշտպանության փոխնախարար, նրա փոխարեն այժմ աշխատանքներով կզբաղվի Գագիկ Մինասյանը»,-ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերի հետ Իսրայելից Հայաստան էին ժամանել մի խումբ լրագրողներ, ովքեր Կնեսետի նախկին պատգամավորի խոսքով՝ շրջել են Հայաստանի գեղատեսիլ վայրերով:

«Քանի որ մայիսի 19-ին բացվեց Երեւան-Թել Ավիվ չվերթը, եւ ցավոք տեղեկատվական հարթակում դա այդքան էլ չշրջանառվեց, որոշեցինք զբաղվել այդ հարցով: Հանդիպել եմ նաեւ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին, ով ցանկացավ կրկին հանդիպել մեզ հետ արդեն այս այցերից հետո քննարկելու զբոսաշրջությանն առնչվող հարցեր: Հնարավոր է, որ իսրայելական ընկերություններից մեկը զբաղվի Հայաստանում զբոսաշրջության PR-ով»,-նշեց նա:

Ալեքսանդր Ցինկերը տեղեկացրեց, որ ֆորումի առաջիկա նիստը հավանաբար կկայանա սեպտեմբերի 10-13-ը, որի ընթացքում Հայաստան կժամանի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը եւ մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ համատեղ նախագծերով հետաքրքրված գործարարներ: Հուլիսին էլ Հայաստան կժամանի Իսրայելի տարածաշրջանային զարգացման նախարարի ղեկավարած պատվիրակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում