«Երևանյան ամառ 2017». Թումանյանի այգում ընտանեկան մարզամշակութային փառատոն է կազմակերպվել

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թումանյանի այգու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից հատվածում, տեղի է ունեցել ընտանեկան մարզամշակութային YereFUN խորագիրը կրող առաջին փառատոնը: Այն իրականացվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ:

Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափել տարբեր քվեստներում, մարզական, ջրային խաղերում, էստաֆետներում և այլ մրցաձևերում: Մրցույթները կազմակերպվել էին հետևյալ ձևաչափերով՝ մրցելույթներ ամբողջ ընտանիքի, ինչպես նաև առանձին՝ ծնողների, և առանձին՝ երեխաների համար:

Մրցույթների ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպմանը մասնակցած բոլոր կազմակերպություններին:

«Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է աջակցելու երիտասարդական, պատանեկան, ընտանեկան տարատեսակ միջոցառումներին: Մենք կարևորում ենք մարզական, խաղային բոլոր միջոցառումները, քանի որ դրանք անփոխարինելի դեր են ունենում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ժամանցի, լիցքաթափման համար», – նշել է փոխքաղաքապետը:

Մասնակիցներն իրենց հերթին փաստել են, որ YereFUN-ի շնորհիվ անց են կանցրել ուրախ և ակտիվ հանգստյան օր:

Փառատոնի լավագույն մասնակիցները ստացել են նվեր-մրցանակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում