ՄԻՊ-ը Հայաստանում խոշտանգումների կանխարգելման խնդիրը հիմնականում պրակտիկ դաշտում է տեսնում

Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարի հարցում հիմնական ուշադրությունը պետք է դարձվի պրակտիկ դաշտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ՄԻՊ-ը ակտիվ աշխատանքներ է տանում խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ:

«Նոր սկզբունքներ ենք որդեգրել մասնավորապես՝ ազատությունից զրկված անձի նկատմամբ պետք է լինի վստահության կանխավարկած, անհատական մոտեցում, ինչպես նաև ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ պետք է գործի վարքագծի ռիսկային գնահատման մեթոդը, և, ամենակարևորը, ազատությունից զրկված անձին պետք է նախապատրաստել ազատությանը: Սա շատ կարևոր է, որովհետև, ի վերջո, այդ անձը, երբ ազատ արձակվի, դառնալու է հասարակության բաղկացուցիչ մասը, և նրա ինտեգրման հիմքերի ստեղծումը չափազանց կարևոր է»,- ընդգծեց Թաթոյանը:

Ըստ օմբուդսմենի` մարդու իրավունքների աշխատակազմը ունի հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով քրեակատարողական հիմնարկներում ստուգվում են ազատազրկված անձի խցի պայմանները:

«Ունենք հատուկ խոնավաչափ, տարածքը չափող և այլ սարքեր, որոնց միջոցով իրականացվում են ստուգումներ և հետագայում այդ դիտարկումները ներկայացվում են իրավապահ մարմիններին»,– ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց այս ոլորտում նաև օրենսդրական բարեփոխումները:

«Մենք կազմել ենք օրինագիծ, որում առաջարկել ենք խստացնել փաստաբանի նկատմամբ խոչընդոտները և ընդլայնել խոչընդոտներ իրականացնող սուբյեկտի նկատմամբ պատժամիջոցները: Առաջարկում ենք նաև, որպեսզի ազատությունից զրկված անձանց տեսակցությունը ընտանիքի անդամների հետ արգելող սուբյեկտը լինի դատարանը, որի յուրաքանչյուր որոշումը պետք է լինի հիմնավորված ու վերանայման ենթակա: Բացի այդ, ազատությունից զրկված անձը պետք է իրեն վերաբերող յուրաքանչյուր որոշման ներկա լինի»,- ընդգծեց Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում