Վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Վլադիմիր Աբրահամյանը

Կյանքի 87-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, 1957 թվականից ՀԳՄ անդամ Վլադիմիր Աբրահամյանը:

Վլ. Աբրահամյանը ծնվել է 1930թ., Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Խորհրդային շրջանում եղել է «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի ղեկավար:

1991 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, բնակություն հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար (Վարդենիս) գյուղում:

Վլ. Աբրահամյանը բազմաթիվ բանաստեղծական գրքերի հեղինակ է։ Այդ թվում՝ «Աստղ լուսո» (1983), «Իմ սիրո ծառ, սալորենի» (1989), «Կենաց ծառ» (1999), «Ամպրոպի արահետով» (2002), «Զրույց ստվերիս հետ» (2011)։

Կատարել է նաև թարգմանություններ։ Ադրբեջանական դասական և ժամանակակից պոեզիայից նրա թարգմանությունները 7 գրքերով հրատարակվել են Երևանում՝ 1970-1980 թվականներին։

Հայրենի եզերքի, ժողովրդի անցած ազատատենչ ճանապարհի, բնության և մարդկային հավերժական արժեքների արծարծումներով բնորոշվող ստեղծագործությունների համար Վլ. Աբրահամյանն արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի (2005), Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, ԼՂՀՄ մարզային խորհրդի պատվոգրի և այլ պարգևների։

Վաստակաշատ գրողի, հայրենանվեր հայի, գրական-մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա ընթերցողների, գրչընկերների, մտերիմների ու հարազատների սրտերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում