ՊԵԿ-ում վերջին ամիսներին 483 հաստիք է կրճատվել

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում վերջին ամիսների ընթացքում 483 հաստիք է կրճատվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով կոմիտեում «կադրային ջարդի» վերաբերյալ մամուլում առկա հրապարակումներին:

«Զուտ կառուցվածքային փոփոխության արդյունքում ձևավորվել է նոր կառուցվածք, և դրա հետեւանքով շուրջ 483 հաստիք կրճատվել է: Տարիների ընթացքում ՊԵԿ-ը վերազինվել է, վերազինվել է նաև ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը, և դա պետք է ուշ թե շուտ բերեր նման հանգուցալուծման»,- ընդգծեց Հարությունյանը:

ՊԵԿ նախագահը հավելեց, որ այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի անհրաժեշտությունն ավելի է նվազում, և դրա արդյունքում իրենք ունեցել են հաստիքների կրճատումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում