Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ. Ուկրաինայի դատախազություն

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը հայրենիք «այսօր հնարավոր չէ»: Այդ մասին հունիսի 27-ին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիում գտնող Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սահակաշվիլին «այսօր Ուկրաինայի քաղաքացի է եւ, այս երկրի Սահմանադրության համաձայն, նրա արտահանձնումը Վրաստանին հնարավոր չէ», ասել է Ենինը: «Բայց մենք սերտ շփում ունենք վրացի մեր գործընկերների հետ, մեր միջեւ լավ ու ինտենսիվ համագործակցություն է հաստատված, մենք առաջ ենք ընթանում, այնպես որ ժամանակը ցույց կտա»,-հավելել է նա:

Նա նաեւ միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե այս թեման կշոշափվի արդյոք նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հուլիսին Թբիլիսի կատարելիք այցի ընթացքում: «Չգիտեմ, այդ հարցը կքննարկվի արդյոք, քանի որ նախագահի այցի օրակարգն ինձ հայտնի չէ: Բայց մենք պատրաստ ենք պատասխանել մեր վրացի գործընկերների հարցերին»,– ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում