Հայ ժողովուրդը կարիք չունի ապացուցելու իր բազմադարյա պատմությունը. Ղազախստանի ազգային արխիվի ներկայացուցիչ

Ղազախստանի ազգային արխիվի կինոֆոտո փաստաթղթերի եւ ձայնագրությունների բաժնի ղեկավար Ալլա Սեիթովա հիացմունքով է խոսում հայկական ճարտարապետական կառույցների մասին: Նա առաջին անգամ Հայաստան էր ժամանել մասնակցելու հունիսի 21-ին մեկնարկած Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի 18-րդ համաժողովին, որը համախմբել էր Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ 12 երկրներից 9-ի պետական արխիվային ծառայությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին:

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը յուրահատուկ կերպով պահպանել ու սերունդներին է փոխանցում իր բազմադարյա պատմական ժառանգությունը:

«Առհասարակ արխիվային ոլորտում աշխատող մարդիկ այն մարդիկ են, ովքեր հիմնականում գումարի համար չէ, որ աշխատում են. դա բիզնես չէ, դա երկրի վավերագրական ժառանգության պահպանման գաղափարն է, եւ մենք նվիրում ենք մեր կյանքն ու գործունեությունը այդ գաղափարին՝ պահպանել մեր պատմությունը: Այս առումով Հայաստանի առաջ ես խոնարհվում եմ. հայ ժողովուրդը կարիք չունի ապացուցելու իր բազմադարյա պատմությունը. ես այցելել եմ մի քանի վայրեր, եւ կարող եմ ասել, որ այստեղ ճարտարապետությունը շնչում ու ապրում է: Առաջին անգամն էի Երեւանում եւ չգիտեի, որ նման յուրօրինակ քաղաք է այն: Այստեղ կյանքը լիովին այլ է, գեղեցիկ ու բաց մարդիկ են հայերը, ում օգնության դիմելու դեպքում կբռնեն քո ձեռքից ու կտանեն քո ուզած վայրը: Երեկոներն այնքան հանգիստ ու անվտանգ են, մեծերը, երիտասարդներն ու փոքրերը հանգիստ զբոսնում են: Հենց սա եմ ես անվանում ազգային արժանապատվություն: Եվ թեկուզ թող մեքենաները կուտակվեն, անընդմեջ խցանումներ լինեն, բոլոր մեծ քաղաքներում է այսպես, բայց Երեւանը յուրահատուկ է, այն ապրում է արժանապատվությամբ ու բարությամբ»,- ասաց նա:

Ալլա Սեիթովան պատմեց, որ Ղազախստանի ազգային արխիվը դեռեւս 1943 թվականից երկրում գործող միակ մասնագիտացված արխիվն է, որում պահպանված է Ղազախստանի ողջ պատմությունը՝ պատերազմ, ռեպրեսիա, զարգացում եւ այլն:

«Մենք հետաքրքիր նախագծեր ենք անում, ինչպես օրինակ ցուցահանդեսներ մետրոյում՝ այդպես ավելի լավ ներկայացնելով այդ պատմական էջերը: Շատ նյութեր ունենք՝ նվիրված օրինակ այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են հայկական արվեստի տասնամյակը Ղազախստանում, եւ նույնը՝ Հայաստանում ղազախական արվեստի մասին: Սրանք կադրեր են այն ժամանակներից, երբ հայտնի երգիչները, դերասանները, կոմպոզիտորները, գրողները գալիս էին մեզ մոտ, մենք ունենք Ռուբեն Անդրեասյան, ով Ղազախստանում ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է. նա մեր հպարտությունն է, մեր սիրելին: Երբ ինձ հարցնում են՝ այս կամ այն նյութն ունեք ձեր արխիվում, ասում եմ՝ մենք ամեն ինչ ունենք, եւ ես վստահաբար չեմ ստում»,– ասաց Ղազախստանի ազգային արխիվի կինոֆոտո փաստաթղթերի եւ ձայնագրությունների բաժնի ղեկավարը՝ նշելով, որ նյութերը տեղափոխում են ժամանակակից կրիչների վրա, դրանք մարդկանց համար հասանելի դարձնում համապատասխան կայքում:

Ալլա Սեիթովան ցանկանում է, որ այս ոլորտում հայ-ղազախական համագործակցությունը ավելի ընդլայնվի, Հայաստանն ու Ղազախստանը համատեղ նախագծեր իրականացնեն, քանի որ ներկայումս ավելի շատ հնարավորություններ կան դա անելու համար:

«Ես օրինակ երազում եմ համատեղ մի մեծ ֆոտոալբոմի ստեղծման մասին: Եթե մենք ցուցահանդեսներ անենք, դա հնարավորություն է ավելի լայնորեն ներկայացնելու մեր ունեցածը»,- եզրափակեց Ալլա Սեիթովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում