Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ

Հայաստանում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սադրանքների դեմ ժամանակն է պատժիչ գործողություններից զատ դիմել նաեւ կանխարգելիչ գործողությունների: Այս թեմայով սեփական տեսակետները ներկայացրեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հունիսի 27-ին հրավիրված ասուլիսում:

«Եթե դիտարկումներ անցկացնենք, թե տարվա ընթացքում ինչ գործընթացներ են տեղի ունենում, եւ թե միջազգային հանրությունը, Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը ինչպես են արձագանքում դրանց, ըստ էության՝ կտեսնենք, որ վերջին տարիներին առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եթե հաշվի չառնենք ապրիլյան պատերազմը, որը բավականին լուրջ հետեւանքներ ունեցավ: Իհարկե, հայկական կողմը կարողացավ դիմագրավել ոչ միայն Ադրբեջանի հայտարարություններին, այլեւ գործողություններին, Ադրբեջանին էլ չհաջողվեց հասնել նրան, ինչին ձգտում էին: Հայաստանի եւ Արցախի համար ամեն մի կորուստ բավականին ծանր է, ամեն դեպքում կարծում եմ՝ ոչ միայն պետք է դիմել անհամաչափ պատժիչ գործողությունների, այլեւ որեւէ դիրքի վրա թշնամու հարձակման ազդակ զգալու դեպքում առաջինը հարված հասցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ սխալ է համարում համանախագահների հայտարարությունները հակաադրբեջանական որակելը, քանի որ ըստ նրա՝ դրանք ոչ թե հակաադրբեջանական էին, այլ հնարավորինս օբյեկտիվ:

«Ճիշտ չէ, երբ այնպիսի տերմիններ են օգտագործվում, որոնք իրականության հետ կապ չունեն: Նույնը կարծում եմ նաեւ այս երկրորդ հայտարարության մասին, որը որակվեց որպես հավասարության նշան պարունակող հայտարարություն: Այնտեղ օգտագործվեցին այնպիսի տերմիններ, որոնք առաջին անգամ էին օգտագործվում: Ըստ իս՝ անհրաժեշտ չէ, որ այդ հայտարարություններին մեծ ուշադրություն դարձվի, քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներգրավված են ոչ միայն Արցախի, այլեւ մի քանի շատ ավելի գլոբալ խնդիրներում, եւ այդ ձեւաչափը այսօր ձեռնտու է բոլոր ուժային կենտրոններին»,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում