Նոր Գյուղ համայնքում բացվել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն

Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում պաշտոնապես բացվել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն, որը կառուցվել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի և նրա գործընկերների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից՝ հավելելով. «Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Կենտրոնը տրամադրելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում` հասանելի դարձնելով ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Սա թվով չորրորդ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնն է, որը հիմնվել է «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում