«Փաստ». Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն

ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը։ 

«Փաստ»-ը թեմայի շուրջ զրուցել է արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի հետ։

-Տիկին Անտոնյան, Ձեր նախարարության առաջարկած փոփոխությունը, փաստորեն գալիս է հեշտացնելո՞ւ Հայաստանից արտագաղթածներից հողեր վերցնելու գործընթացը։

– Չէ, չի գալիս հեշտացնելու, ընթացակարգ է սահմանում ընդամենը, որի պայմաններում գյուղատնտեսական հողերի սեփականատերերին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, հնարավորություն է տրվում 1 տարվա ընթացքում այդ հողերն օտարել ցանկացած ձևով՝ պարտադիր չի՝ վաճառքով։ Եթե ոչ, ապա համայնքի ղեկավարին լիազորություն է տրվում դիմել դատարան հողը՝ հարկադիր կարգով օտարելու համար։ Դա պրակտիկայում առաջացած խնդիր է և որոշվել է, որ դրա լուծումը պետք է տրվի։

-Սակայն փաստորեն արտագաղթածներն, այսպիսով` ամբողջությամբ կկտրվեն Հայաստանից, եթե հողն էլ կորցնեն։

-Չեմ կարծում։ Հողերը կամ իրենք կարող են օտարել, կամ փոխհատուցում կտրվի։ Ավելի լավ է չէ՞, որ այդ հողերը խնամվեն, քան լինեն էնպիսի հողեր, որոնք տարիներով չմշակվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում