Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից:

Այս մասին Ստրասբուրգից հաղորդեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը: «Ամբողջ ադրբեջանական լոբբին պայքարում էր Ագրամունտի համար»,-նշեց Հովհաննիսյանը:

Դեռևս հունիսի 26-ին ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը, ձայների մեծամասնությամբ քվեարկել Է ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Իսկ հունիսի 27-ին վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: Փաստաթուղթը նպատակամղված է ԵԽԽՎ-ի կանոնակարգում նրա ղեկավարների պաշտոնազրկման մեխանիզմի ստեղծմանը, ինչն առաջիկայում կարող է բերել ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում