Դավիթ Հարությունյանը քաղաքական գործընթացների վերաբերյալ կանխատեսումներ անելը վաղաժամ է համարում

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վաղաժամ է համարում 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունենալիք քաղաքական գործընթացների վերաբերյալ կանխատեսումներ անելը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որտե՞ղ է տեսնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2018 թ. ապրիլից հետո, երբ լրանալու է նրա լիազորությունների ժամկետը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «2018 թ. ապրիլի վերաբերյալ յուրաքանչյուր կանխատեսում պետք է լինի վաղաժամ, որովհետև երբ կգա 2018 թ. ապրիլը, այդ ժամանակ երկրում կարող է լինել այլ իրավիճակ՝ քաղաքական, արտաքին մարտահրավերներ և այլն: Եվ դա, իհարկե, հուշելու է մեզ, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ»:

Հարցին, թե ՀՀ նախագահն իր կուսակիցներին չի հայտնել, թե ինչ ծրագրեր ունի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կուսակցությունն ունի իր ծրագրերը, որոնք իրենք շաբաթը մեկ անգամ քննարկում են, և ոչ բոլոր հարցերն են նպատակահարմար համարում հանրության համար հրապարակային դարձնել:

Դիտարկմանը, թե վաղաժամ չէ՞ր, արդյոք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում խոսեց 2040 թ. մասին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած իշխող ուժ ծրագրում է, որ ինքը պետք է շարունակի լինել իշխող ուժ: Դա բնական է, դա քաղաքական տրամաբանություն է, որովհետև հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու նրանք ընդհանրապես պետք է քաղաքականության մեջ մնան: Պատկերացնո՞ւմ եք, որ դուք զբաղվեք սպորտով, լինեք առաջինը և որոշեք, որ շարունակելու եք զբաղվել սպորտով, որպեսզի մի օր անպայման լինեք երրորդը: Ես կարծում եմ, որ դա անհեթեթություն կլիներ: Հիմա դուք քաղաքական ուժին մեղադրում եք անհեթեթ բաներ չհայտարարելու մեջ»,- եզրափակեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում