ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սխալ և հիմք չունեցող է համարում որոշ իրավապաշտպանների տեսակետը, թե 2016 թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների դատավարության ընթացքում խմբի անդամների նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, այլ ոչ թե իրավական գործընթաց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ առերևույթ հանցագործությունը տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքերի առաջ: «Այսինքն, մենք տեսանք, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում: Եվ ընթացան համապատասխան իրավական գործընթացներ: Գործն այս պահին գտնվում է դատարանում, իրականացվում է դռնբաց և հրապարակային դատավարություն: Հետազոտվելու են ապացույցները: Անկախ նրանից, թե դուք ՊՊԾ գնդի գրավման 15 օրերի ընթացքում ինչ եք տեսել՝ հիմա դատավարական ելքով դրանք տեսնելու եք համապատասխան դատավարական փաստաթղթերով»,- նշեց Դավթյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ զինված խմբի անդամների դատավարությունը,նրանց առաջադրված մեղադրանքները որևէ առնչություն չունեն նրանց քաղաքական գործունեության հետ: «Այդ զինված խմբի անդամների մեջ կան անձինք, ովքեր ընդհանրապես հայտնի չեն իրենց քաղաքական գործունությամբ, և երկրորդ՝ երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելը դեռևս չի նշանակում, որ այդ անձի կողմից հանցագործություն կատարելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված է նրա քաղաքական գործունեությամբ»,- ընդգծեց ՀՀ գլխավոր դատախազը:

Անդրադառնալով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած միջնորդությանը՝ Դավթյանն ընդգծեց, որ իրենք պատասխանել են «Ելք» դաշինքին. «Վարույթում այս պահին առկա ապացույցները մեզ դեռ թույլ չեն տալիս ունենալ հավաստում, որ ազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում մենք կարող ենք երաշխավորել Անդրեաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը»,- նշեց Դավթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում