Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ

Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի տուն շատ մանրամասն հարցաթերթիկով այցելելու է սոցիոլոգ և իրականացնելու է անանուն հարցում: Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ հունիսի 28-ին ստորագրվելու է «Դիտակետ» նախաձեռնության փոխըմբռնման հուշագիրը:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր տվյալների բազայում չենք պահելու յուրաքանչյուր հարցաթերթիկի պատասխանող զինվորի անձնական տվյալները, բայց ֆիքսելու են նրա ծառայությունն անցկացրած զորամասը և շուրջ 50 հարցի միջոցով փորձելու ենք լիարժեք գնահատել յուրաքանչյուր զորամասում առկա խնդիրները՝ մարտական պատրաստականություն, զինվորների փոխհարաբերություններ, հրամանատարության հետ շարքային ժամկետային զինծառայողների հարաբերություններ, կենցաղային պայմաններ, արդարության խնդիրներ և այլն»,-ասաց նախարարը` հավելելով, որ ավտոմատացված համակարգով այդ տվյալները հավաքագրվելու են բազայում, և սեպտեմբերի 1-ին հնարավոր կլինի տեսնել յուրաքանչյուր զորամասի պատկերը:

«Այդ ժամանակ ես մեր հանրության համար նախատեսված բաց մասերը մանրամասն կներկայացնեմ: Դրանց արդյունքում կբարձրացնենք զինված ուժերի կառավարման արդյունավետությունը»,- նշեց Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում