Խորհրդարանում արդյունավետ աշխատանքին նպաստում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը. Միհրան Հակոբյան

Հայաստանի նման փոքր, բայց մեծ արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող պետության մեջ առանց խորհրդարանական դիվանագիտության հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Այսօրվա աշխարհը ենթադրում է շատ ավելի արագ գործընթացներ, քան սրանից 10 տարի առաջ էր: Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ արտաքին քաղաքական գործընթացները շատ ավելի արագ զարգանան, եւ այս պայմաններում մեծանում է խորհրդարանականների դիվանագիտական գործառույթների դերը: Մենք պետք է փաստենք, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեծագույն ներուժ ունի իրացնելու ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային բազմակողմ հարթակներում»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանը ներկայիս կազմով ի զորու է բավականին արդյունավետ աշխատանք տանել խորհրդարանական համակարգում:

«Քաղաքական ուժերի տեսանկյունից այսպես լավ ներկայացված խորհրդարանում երկխոսության նորմալ գործընթաց է նկատվում. վերջին շրջանի անցուդարձից նկատելի է, որ գոնե կան իշխանություն եւ ընդդիմություն քննարկումները, ընդդիմությունը ակտիվ է կառուցողական քննադատությունների, առաջարկների տեսանկյունից: Այս պարագայում հնարավոր չէ, որ աշխատանքն արդյունավետ չլինի, եւ հատկապես՝ արտաքին քաղաքական, խորհրդարանական տիրույթում»,- եզրափակեց Միհրան Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում