Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում. սիրիահայ գործարար

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 28-ին ընդունել է քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց սփյուռքահայ գործարարի Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը, լավատեսությունն ու ազգասիրությունը, ողջունեց գործարարի՝ ապագային միտված ծրագրերը:

Հովհաննես Խթումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ներդրումային ծրագրերը՝ մասնավորապես Հայաստանում արևի էներգիայի արտադրության նախագծերը, որոնք հնարավորություն կտան խթանել տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղեր բացել: Պարոն Հովհաննեսը պատմեց նաև իր բարեգործական ծրագրերի մասին, նշեց, որ պատրաստվում է աջակցություն ցուցաբերել մարզերի անապահով ընտանիքներին: «Իհարկե դժվարություններ էլ կան, բայց մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում», – հավելեց պարոն Խթումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում