Դատարան մտնելուց փաստաբանների խուզարկություններն անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար են

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն անդրադարձել է վերջին շրջանում դատարաններում փաստաբաններին խուզարկության ենթարկելու վերաբերյալ հրապարակումներին և դրա վերաբերյալ փաստաբանների դժգոհություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարեն Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանում նման պրակտիկա եղել է, սակայն լրագրողները կարող են նկատած չլինել, որովհետև դա պարբերական բնույթ չի կրել: «Բայց մենք աստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ բոլոր դատարաններում, բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան ենթարկվելու են զննության», – ասաց նա:

Հարցին՝ արդյոք սա չի կարող ուղղված լինել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի բացահայտմանը՝ Փոլադյանը նշեց. «Որևէ դատական կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում և դրամապանակներում ինչ կա: Սա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու և դատարանում հասարակական կարգ ապահովելու նպատակով»:

Փոլադյանն ասաց, որ նախատեսվում է դատարանների մուտքի դիմաց ապագայում ունենալ այնպիսի տեխնիկական զինվածություն, որը մուտք գործող յուրաքանչյուր անձի կստուգի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում