Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները լուծելու ենք առաջնահերթության սկզբունքով. Դավիթ Հարությունյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար անբարենպաստ պայմանների վերացմանն ուղղված աշխատանքները շատ ծախսատար են, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Այդ աշխատանքները սկսվել են դեռևս 10 տարի առաջ, երբ սկսվեց նախագծվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը: Ընդհանրապես քրեակատարողական հիմնարկ կառուցելը թանկ հաճույք է, որովհետև բազում հարցեր կան, որոնց սովորական քաղաքաշինական ծրագրերի ընթացքում կարելի է ուշադրություն չդարձնել, քրեակատարողական հիմնարկների դեպքում պարտավոր ենք ուշադրություն դարձնել թե՛ անվտանգության, թե՛ այլ տեսանկյուններից: Այս ուղղությամբ ծրագրեր իրականացվում են, սակայն մենք դրանք իրականացնում ենք այն ռեսուրսների շրջանակներում, որ ունենք»,- նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ, օրինակ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքը, որը կառուցվել է նախանցած դարում, որպես քրեակատարողական հիմնարկի շինություն այլևս պիտանի չէ: «Հիմա իրականացվում է հաջորդ ծրագիրը: Ձեռք է բերվել 11 հեկտար տարածք, պատվիրվել է նախագիծ, որպեսզի այնտեղ սկսվի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը: Արա՞գ կլինի դա, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Սակայն դրա վրա ամեն տարի պետք է ծախսվեն ռեսուրսներ, որպեսզի հետզհետե բարելավում իրականացվի»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե որքան ժամանակ և ռեսուրսներ են հարկավոր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքներում առկա գարշահոտությունը վերացնելու համար, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ դրա համար ահռելի ռեսուրսներ ու ժամանակ է հարկավոր, քանի որ այդ քրեակատարողական հիմնարկն ունի համակարգային պրոբլեմ:

«Խոսքը վերաբերվում է և՛ կոյուղագծերին, և՛ կառուցման ստրուկտուրային: Եթե այլընտրանք լիներ՝ գումարներ ներդնե՞լ և այն կապիտալ վերակառուցե՞լ, որպեսզի կոյուղագծերն արմատապես փոխվեն, համակարգն արմատապես փոխվի, թե՞ այդ գումարները ծախսել նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման թեկուզ առաջին փուլի վրա, ես կընտրեի երկրորդ տարբերակը, որովհետև կարկատան անելով այդ հաստատությունը սկզբունքորեն չես պահի: Մենք մեր շատ սուղ ռեսուրսները կվատնենք կարկատանների վրա: Մեզ պետք է ավելի համակարգային լուծում: Մենք քաջ գիտակցում ենք մեր խնդիրները , բայց առաջնահերթությունը պայմանավորված չէ զուտ գարշահոտությամբ: Եթե ես սկսեմ թվարկել խնդիրները, կտեսնեք, որ դրանք ավելի լուրջ են, քան այն, որի մասին դուք խոսեցիք: Այս դեպքում մենք առաջ ենք շարժվելու առաջնահերթություններով: Ես ցավում եմ, բայց իրականությունը սա է: Եթե կան ավելի լուրջ խնդիրներ, մենք պետք է անդրադառնանք դրանց»,- եզրափակեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում