Հայաստանում եւ Արցախում հիշում են Արցախյան պատերազմի հետեւանքով 800-ից ավելի անհետ կորածներին

Հայաստանում եւ Արցախում հունիսի 29-ին հիշում են Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած ազատամարտիկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց, որ Արցախյան ազատամարտի տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհայտ կորած է համարվում ավելի քան 600 մարդ, սակայն դրանք դեռ վերջնական թվերը չեն:

«Մենք աշխատանքներ ենք տանում ճշտելու նաեւ շահումյանցիների թիվը, քանի որ նրանք հիմնականում տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն»,-ասաց նա: Վիկտոր Քոչարյանի խոսքով` անհայտ կորածներին գտնելու եւ նրանց հայրենադարձելուն ուղղված աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս: «Ադրբեջանն ինչպես միշտ մեզ հետ ուղիղ կապ չի հաստատում, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ բավական բարդ են: Ինչ հնարավոր է, կատարվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ»,-ասաց նա: Արցախում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական, բարոյական, հոգեբանական օգնություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշեց, որ Արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանում անհայտ կորած է համարվում 200-ից ավելի մարդ:

«Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածներին գտնելու եւ հայրենադարձելու ուղղությամբ զանազան միջազգային հարթակներում որոշակի հաջողություններ գրանցվել են: «Սակայն տվյալ գործընթացում պետք է ներգրավված լինի ադրբեջանական կողմը: Մենք բոլոր հնարավոր միջազգային հարթակներն օգտագործում ենք հաջողության հասնելու համար»,-ասաց նա: Կապրիելյանը նշեց, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է օգնություն՝ սկսած անվճար բուժօգնությունից, սոցիալական տարբեր փաթեթների, արտոնությունների տրամադրումից, մինչեւ ֆինանսական միջոցների տրամադրում:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը` հունիսի 29-ին, Հայաստանում եւ Արցախում ﬕ շարք միջոցառումներ կանցկացվեն: Արցախում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պետական այրերը, զինվորականները ծաղկեպսակներ կտեղադրեն: Հայաստանում ՀՀ ՊՆ եւ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդաﬓերը, Արցախյան պատերազﬕ վետերաններն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հոգեհանգստի կարգ կիրականացվի: Հայաստանում հունիսի 29-ի օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 7-ը, քանի որ ծրագրվում են այցելություններ նաև մարզեր:

Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած ազատամարտիկներին օրը նշվում է 2000 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում