Շուկան է որոշում ապրանքի գինը. գյուղնախարարն անդրադարձավ ծիրանի մթերմանը

Այսօր շուկայական հարաբերություններ են գործում, և շուկան է որոշում ապրանքի գինը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մթերվող ծիրանի գնի հետ կապված գյուղացիների բողոքներին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: 

«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են, և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը: Շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել այն, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որևէ օրենքի հստակ խախտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Ինչ վերաբերում է այն ահազանգին,թե արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նախարարն ասաց, որ դրա համար կա հակամրցակցային հանձնաժողով, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա՞ պայմանավորվածություն, որ գինը նվազում է:

«Հանձնաժողովն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ՝ գինը կնվազեր»,-ասաց Առաքելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում