Արարատյան դաշտի «ցիտրուսային» ապագան, օդի ջերմաստիճանի չարգելակվող աճն ու ուղիներ փնտրող մասնագետը

Ջրախնայողություն` այսօրվանից և ամենուր

2100թ. Արարատյան դաշտում, հնարավոր է, աճեցնեն բանան, նարինջ ու մանդարին, իսկ Կոտայքի գետահովտային շրջաններում` ծիրան: Սա ֆանտաստիկայի շարքից չէ, այլ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կանխատեսումը: Ածխաթթու գազի արտանետումների` օր օրի աճող ծավալները Երկիր մոլորակի վրա ջերմոցային էֆեկտի ստեղծումը դարձնում են անխուսափելի: Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում Հայաստանի միջին տարեկան ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կանխատեսվում է, որ աստիճանաբար կբարձրանա 5 աստիճանով` կազմելով 10.5 աստիճան ցելսիուս: Կլիմայական անցումը` մերձարևադարձայինից արևադարձայինի, ենթադրվում է տեղումների, այդ թվում և` ձյան տեսքով, նվազում ու գոլորշիացման աճ: «2030թ., ըստ գնահատակաների, կանխատեսվում է գետային հոսքի նվազում 10-15 տոկոսով` 1961-1990թթ. բազիսային ժամանակաշրջանի (Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ընդունված նորմա) համեմատ: 2070թ. հոսքի խոցելիությունը կլինի 25 տոկոս, 2100-ին` 40 տոկոս,-ասում է ծառայության տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանն ու հերթով թվարկում հարմարվողականության միջոցառումների նախատեսվելիք շարքը: -Առաջին անհրաժեշտ քայլն անցումն է ոռոգման կաթիլային համակարգին: Մակերևութային ոռոգումն այլևս արդյունավետ չի լինի: Ջրի` հնարավորինս քիչ կորուստ ունենալու համար նախ պետք կլինի այն անմիջապես հասցնել բույսի արմատին և երկրորդ, որ պակաս կարևոր չէ, պայքարել մոլախոտերի դեմ, որոնք մեծ քանակությամբ ջուր են կլանում»:

Նպատակային, առանց ջրի կորստի ու քիչ աշխատուժ պահանջող ոռոգման կաթիլային համակարգը հանրապետությունում դեռևս ներդրված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ վաղուց են արվում: Եթե հիշյալ նախագիծը դեռ տեսական փուլում է, ապա ջրամբարների կառուցումը վաղուց անցել է գործնական դաշտ: 2012թ. վերակառուցվեց Մարմարիկի, իսկ սույն թվականի հունվարին մեկնարկեց Վեդու ջրամբարի կառուցումը, որի արդյունքում 25 մլն խորանարդ մետրով կկրճատվի Սևանից բաց թողնվող ջուրը: Ջրապահովված ավազաններից ջրի տեղափոխումը ջրասակավ շրջաններ (օրինակ` Դեբեդ և Աղստև գետերի ավազաններից ջրի տեղափոխում Սևանա լիճ, այնտեղից` Արարատյան դաշտ), որոնց վերաբերյալ նախկինում էլ են նախագծեր մշակվել, այժմ առավել արդիական է, քանի որ, ըստ կանխատեսումների, 2100 թվականին Սևանա լճի գետային ներհոսքը կնվազի 190 մլն խորանարդ մետրով, ինչի արդյունքում ջրի մակարդակը տարեկան կիջնի 15 սմ-ով: Փաստի առաջ չկանգնելու համար կառավարությունը, նախքան Սևանի ջրառի հետ կապված որևէ որոշում կայացնելը, խորհրդակցում է Հիդրոմետ ծառայության հետ:

Հիդրոօդերևութաբանները կանխատեսում են, եղանակը` հաստատում

Հիդրոմետ ծառայության վերլուծությունները, գուցե, որպես հիմք չընդունվեին, եթե կանխատեսումների արդարացվածությունը չմոտենար 100 տոկոսին: Սևանի մակարդակի բարձրացման, ջրամբարների լցվածության, գարնանային վարարումների հոսքի բնութագրիչների հետ կապված կանխատեսումներն այս տարի 100 տոկոսով արդարացել են: Ծառայության` ապշելու աստիճան ճշգրիտ կանխատեսումները զարմացնում են ոլորտի փորձագետներին: «10 օր առաջ Համաշխարհային բանկից հիդրոօդեևութաբանության ոլորտի փորձագետ էր եկել մեզ մոտ ու զարմացած էր, թե մեր ունեցած տեխնիկական ներուժով ինչպես ենք կարողանում այդչափ ճշգրիտ կանխատեսումներ անել»,-հպարտությամբ նշում է Լևոն Ազիզյանը և Հիդրոմետ ծառայության աշխատանքի հանդեպ արդարացված վստահությունը փաստում կոնկրետ օրինակով: -Ձնհալքի շրջանում (որը հիմնականում դիտվում է մարտի երրորդ-ապրիլի առաջին տասնօրյակներում), հենց որ գետի ջրի սահմանը մոտենում է առավելագունին, ահազանգում ենք փրկարար ծառայություն և զգուշացնում սպասվելիք վարարումների մասին: 2007թ. և 2010թ. Արաքս և Դեբեդ գետերի վարարումները 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել էինք և մի քանի օր առաջ նախազգուշացրել պատկան մարմնին»:

Ընդհանրապես, ՀՀ գետերի գարնանային վարարումների հոսքի տարրերը ձևավորող հիմնական գործոնը ձնհալքն է, հետևաբար, կախված նրանից, թե ինչքան կլինի ձնածածկույթը, ըստ այդմ` կանխատեսվում է գետերի առավելագույն ելքը: ՀՀ գետերի մեծ մասում առավելագույն ելքերը դիտվում են հենց գարնանային վարարումների ընթացքում և հաճախ դառնում ափամերձ տարածքների և գյուղատնտեսական հանդակների հեղեղման պատճառ: Նման անցանկալի հետևանքներից խուսափելու համար Լևոն Ազիզյանի գլխավորած թիմը հոսքի կանխատեսման մեթոդիկաներ է մշակել 80-85 դիտակետերի համար, որոնք 80-90 տոկոսով արդարացում են ապահովում: Գարնանային վարարումների հնարավոր սցենարը ամեն տարի մարտի երրորդ տասնօրյակում պատրաստ վիճակում ներկայացվում է «որոշում կայացնողներին» և հանրությանը:

Երկարաժամկետ կանխատեսումները` միայն համապատասխան մարմիններին, կարճաժամկետները` բոլորին. 95 տոկոս ճշգրտությամբ մեկ օրվա կանխատեսումները` սպասվելիք ջերմաստիճանի, տեղումների, վարարումների մասին, գյուղատնտեսներին ուղղորդում են` ինչպես պահպանել բերքը, ճանապարհորդության պատրաստվողներին` ինչ վերցնել ճանապարհի համար, իսկ տնից դուրս գտնվողներին օգնում` եղանակային անակնկալներից անակնկալի չգալ:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում