Իգնատի Առաքելյանը կարկուտից տուժած գյուղացիներին փոխհատուցելու հարցի լուծումը տեսնում է ապահովագրական համակարգի միջոցով

Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գործերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ հողի հարկի, ջրի վարձի հարցն էլ ուսումնասիրվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:

Անդրադառնալով վնասը գումարի տեսքով փոխհատուցելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Առաքելյանը նշեց, որ մինչև ապահովագրական համակարգը չլինի, չեն կարող փոխհատուցել: Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցած տարի գյուղատնտեսությունում բնակլիմայական աղետներից հաշվառված վնասները կազմել են մոտավորապես 32-36 միլիարդ դրամ, սակայն դա ծախսի վնասը չէր, այլ չստացված եկամուտի գնահատումն է:

«Չկա այդքան միջոց, որ փոխհատուցվի բուն վնասը: Միայն ապահովագրական համակարգի ներդրմամբ մենք կարող ենք խոսել փոխհատուցման և գյուղացիական տնտեսությունների ավելի լավ կյանքի կամ ավելի ապահովված տնտեսության մասին: 2018 թվականից սկսելու ենք պիլոտային ծրագիրը, երեք տարի է տրված ծրագրի համար, սակայն փորձելու ենք ավելի արագ իրականացնել»,– ասաց նախարարը:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ գյուղատնտեսությունում բնակլիմայական վնասները 5 տոկոսից ցածր են, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու համար: «Ապահովագրական ընկերությունների համար դա կլինի հետաքրքիր, քանի որ վնասի տոկոսն այնքան բարձր չէ: Լուծումը ապահովագրական համակարգն է, ուրիշ լուծում չկա»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում