ՊՊԾ գնդի գործով դատական նիստին ամբաստանյալները փաստաբանի միջոցով փորձել են գրառումներ փոխանցել միմյանց

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նամակով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով դատական նիստին փաստաբանների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ: Դատավորի հրապարակած նամակում նշվում է.

«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու, վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը:

 

Ոստիկանների կողմից վերցված թղթի վրա առկա են հետևյալ գրառումները.

«Դատավարությունն օգտագործում ենք.

1.ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորելու

2.ինքնակազմակերպմանը օժանդակելու

3.մեր ազգային օրակարգը (Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կուր-Արաքսյան տարածքի վերահայացում)

4.մեր գաղափարները տարածելու

5.աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրկացնել և մենք ազատվելու ենք գաղութատիրությունից

6.Դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի

7.Լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ

8.Հետևել մեր առողջությանը, այն միայն մերը չէ, նաև պայքարի համար է»:

Դատական նիստից հետո փաստաբանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե նշված թղթի վրա առկա գրառումները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք հասցեագրված են եղել իրեն:

Նշված տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ դրա տարածումն ուղղված է գործի դատական քննությունը կազմակերպված կերպով խոչընդոտելուն, իսկ փաստաբանը, իր հայտարարությամբ չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով, փորձել է օրինականացնել նշված գործողությունները՝ իրավաբանական օգնություն ցույց տալու որևէ առնչություն չունեցող փաստաթղթի բովանդակությունը ներկայացնելով որպես օրենքով պահանջվող փաստաբանական գաղտնիք:

Նկատի ունենալով, որ փաստաբանի կողմից օրենսդրությամբ վերապահված իրավունքներն ու դրանց ապահովման երաշխիքներն անբարեխղճորեն օգտագործվել են ակնհայտ հակաիրավական վարքագիծը քողարկելու նպատակով, խնդրում եմ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխում ամրագրված դրույթներին համապատասխան քննարկել վերը նշված փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում