Իրանը կատարում է միջուկային գործարքի պայմանները. ՄԱԿ

Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, որը ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Նա ներկայացրել է զեկույց՝ նվիրված 2231 բանաձեւի կատարմանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է 2015 թվականին՝ հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի:

Ֆելթմանը նշել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնագրի իրագործմանը նվիրված յոթ զեկույցներից յուրաքանչյուրում արձանագրել է Իսլամական Հանրապետության կողմից իր միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունների կատարումը:

Այդուհանդերձ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր զեկույցում թվարկել է Թեհրանի մի շարք քայլեր, որոնք մտահոգում են «վեցյակի» արեւմտյան անդամներին: Խոսքը նախեւառաջ վերաբերում է հրթիռային արձակումներին, որոնք ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները համարում են համաձայնագրի ոգուն հակասող: Բացի այդ, Ֆելթմանն ուշադրություն է դարձրել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի արտասահմանյան ուղեւորությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա, որը ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժիչ ցուցակում եւ իրավունք չունի դուրս գալ իր երկրից: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը վերացնում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում