Ոստիկանապետի դիմումի համաձայն Փաստաբանների պալատում նշանակվել է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի համաձայն Փաստաբանների պալատի նախագահը նշանակել է ծառայողական քննություն:

Հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Դիմումին արձագանքել ենք նույն օրը: Նշված փաստերը կվերլուծվեն և իրավական գնահատական կտրվի»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նաև ստացել է ՊՊԾ գնդի գրավման գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմումը. մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կարգապահական վարույթ հարուցելու հարցը:

Հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ստուգելու փաստաբան Մուշեղ Շուշանյանի արարքում կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը և այդպիսիք հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ կիրառելու համարժեք կարգապահական ներգործության միջոց:

Ոստիկանությունը գտնում է, որ փաստաբանը խախտել է փաստաբանների վարքագծի կանոնակարգի 2.2.3 կետի պահանջը, համաձայն որի մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատ նամակով դիմել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը` ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով դատական նիստին փաստաբանների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում