Բրազիլիայի խորհրդարանը երկրի նախագահի դեմ մեղադրանքների քննարկման ընթացակարգ սկսեց

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն սկսել Է կոռուպցիայի մեղադրանքների քննարկման ընթացակարգը, որոնք առաջադրվել են երկրի նախագահ Միշել Տեմերին: Հերթական նիստում, որը հեռարձակվել Է պետական հեռուստատեսությամբ, պատգամավոր Մարիանա Կարվալիուն գործընկերներին ընթերցել Է հանրապետության գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոյի դիմումի տեքստը:

Այդ փաստաթղթում շարադրված են հետաքննության փաստարկները, որը խնդրում Է Տեմերին առաջադրել կոռուպցիայի մեղադրանքներ եւ նրան ազատել նախագահի պաշտոնից: Տեքստի ընթերցումից հետո խորհրդարանի ստորին պալատը պետության ղեկավարի վարչակազմին պաշտոնապես ծանուցել Է համապատասխան ընթացակարգեր սկսելու մասին:

Բրազիլական օրենսդրության համաձայն՝ նախագահն ունի դատական հետապնդումից մասնակի անձեռնմխելիություն, ուստի նրան մեղադրանքների առաջադրման որոշումը կարող Է ընդունել սոսկ երկրի Դաշնային գերագույն դատարանը: Բացի դրանից, բարձրագույն դատական ատյանը պարտավոր Է ստանալ խորհրդարանի թույլտվությունը համապատասխան գործողությունների համար, այսինքն՝ բացի դատավորներից, պետության ղեկավարին մեղադրանքների առաջադրման նախաձեռնությանը պետք Է հավանություն տա օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առնվազն երկու երրորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում