Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը համապատասխանում է միջազգային նորմերին. ՓՊ-ի փորձագիտական խումբ

Ադրբեջանի վարած ակնհայտ հակահայկական քարոզչությունն ապացուցում է այն, որ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացումը միանգամայն իրավաչափ էր միջազգային իրավունքի շրջանակներում: Հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող ՀՀ փաստաբանական պալատի փորձագիտական խմբի անդամ փաստաբան Արա Խզմալյանը:

«Ինչպես պատերազմական գործողություններում, այնպես էլ խաղաղ պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվում է հայատյաց քաղաքականություն: Ապրիլյան պատերազմի իրադարձություններում քաղաքացիական անձանց և պատերազմական գործողությունները դադարեցրած զինվորականների սպանությունը ադրբեջանցիների կողմից, ոմանց խոշտանգումների ենթարկելը պատերազմական հանցագործություն է»,-ընդգծեց Խզմալյանը:

Փաստաբանի խոսքով` այս դեպքերից ելնելով կարելի է պնդել, որ միջազգային նորմերի շրջանակում Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, բայց Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը Ադրբեջանի կազմում դարձել էր անհնար:

«Կոսովոյի անկախության փաստական հիմքը նույնպես եղել է այս հանգամանքը, քանզի սերբ և կոսովոցի ազգաբնակչությունների համատեղ գոյությունը հնարավոր չէր շարունակել նույն պետության կազմում»,-ասաց Խզմալյանը:

Փաստաբանը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից հաճախ վկայակոչվող հանգամանքներին ` տարածքային ամբողջականության և uti possidetis juris (ապագաղութացման ընթացքում նախկին գաղութների վարչական սահմաններն ինքնաբերաբար վերածվում են նրանց միջև միջազգային միջպետական սահմանների-հեղ.) սկզբունքներին: Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածքային ամբողջականության սկզբունքն անհիմն է երկու պարզ պատճառով:

«Արցախն իր ինքնորոշման իրավունքը իրականացրել է Ադրբեջանի անկախացմանը զուգահեռ և ի սկզբանե չի կազմել Ադրբեջանի տարածքի մաս, ուստի նրա անկախացումը չի կարող համարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում:Երկրորդ՝ ըստ վերոհիշյալ 2526 բանաձևի, տարածքային ամբողջականությունը նույնիսկ երրորդ պետությունների հանդեպ չի կարող վկայակոչվել` որպես ազգերի ինքնորոշման սկզբունքը սահմանափակող, եթե համապատասխան պետությունը չի հարգում ազգերի հավասարությունը և ինքնորոշման սկզբունքը», -նշեց Խզմալյանը:

Ինչ վերաբերում է uti possidetis juris սկզբունքին, ապա փաստաբանը նշեց, որ տվյալ դեպքում Ադրբեջանն իր անկախությունը 1991 թվականին ձեռք է բերել ոչ թե ապագաղութացման գործընթացի շրջանակում, այլ պարզապես ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

«Բացի այդ, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է մինչև Ադրբեջանի սահմանների միջազգայնորեն հաստատումը»,- ընդգծեց Խզմալյանը:

Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի մյուս անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է բացահայտ հայատյացության քաղաքականության իրականացումը:

«Ադրբեջանում ռասիստական և ատելության քարոզչությունը պետական մակարդակի վրա է գտնվում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է մի շարք միջազգային փաստաթղթեր: Ադրբեջանը այդպիսի ատելության քարոզչությունը վարում է սկսած դպրոցից, որտեղ նույնիսկ դասագրքերում ուղղակի կամ անուղղակի կերպով հակահայկական բաղադրիչներ կան»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում