Ախալցխայի բերդի վերաբերյալ հայտարարություն է արվել. քրիստոնեական խորհրդանիշներով քարերը մզկիթից դուրս կբերվեն

Ախալցխայի բերդի վերաբերյալ երեկ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նախագահի գրասենյակը ստացել է մի փաստաթուղթ,որի համաձայն կառավարության նախաձեռնությամբ Ախալցխայի բերդի տարածքում գտնվող մահմեդական մզկիթի միջից դուրս են բերվելու քրիստոնեական խորհրդանիշներով քարերը եւ փոխվելու է մզկիթի գմբեթի գույնը: Այս մասին տեղեկացնում է http://akhaltskha.net/ կայքը: 

Ինչպես նշում է Սահակաշվիլիի մամլո խոսնակը’ նախագահը անթույլատրելի է համարում նման փոփոխությունները:

«Մենք համարում ենք, որ իրականության մեջ դա նշանակում է Ռաբաթի բերդի ոչնչացում: Քրիստոնեական խորհրդանիշների դուրս բերումը տարածքից եւ գմբեթի ոչնչացումը անընդունելի է եւ անթույլատրելի: Կառավարության տվյալ առաջարկի հետ նախագահը երբեք չի համաձայնվի»,- ասաց Մանջգալաձեն:

Սակայն այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ իր ժամանակին, երբ նախագահ Սահակաշվիլին Մերաբիշվիլլիի հետ վերանորոգում էին Ախալցխայի Ռաբաթ թաղամասի պատմական բերդը, ընդհանրապես հաշվի չառան տեղի ժողովրդի կարծիքը այն մասին ,թե արդյոք պետք է բերդում գտնվող մզկիթի գմբեթը ոսկեգույն անելը, որպեսզի նրա փայլը երեւա քաղաքի ցանկացած վայրից: Արդյոք անհրաժեշտ է մզկիթի տարածքում մահմեդական ոճով եւ նախշերով ձեւական պատերի, սյուների ջրավազանների կառուցումը, ինչը զբոսաշրջիկների մոտ կարծիք է առաջացնում, որ բերդը թուրքական ծագում ունի:

Իսկ ինչ վերաբերվում է մզկիթի միջից քրիստոնեական խորհրդանիշներով քարերի դուրս բերմանը հակառակվելուն’ ապա տվյալ հայտարարություն անողները երեւի մոռացել են ,թե ինչպես հայկական խաչքարերը բերդի «վերանորգման» ժամանակ հանվեցին պարսպի պատերից եւ անհետացան, իսկ մի մասն էլ ուղղակի թաղվեց բետոնե շերտի տակ:

Եթե Վրաստանի նոր կառավարությունը իրոք որոշում կայացնի փոխել բերդի տարածքում գտնվող մզկիթի ոսկեգույն գմբեթի տեսքը, ապա դա միայն կողջույնվի Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում