Թրամփը Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր Է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր Է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը:Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաալիքի աղբյուրները կարծում են, որ հանդիպմանը Թրամփը նաեւ կարող Է բարձրացնել ուկրաինական հարցը, սակայն ամերիկյան նախագահական ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության թեման հազիվ թե արծարծվի: Ըստ որում, ինչպես նշում Է CNN-ը, հանդիպման պաշտոնական պլան առայժմ չկա: Հունիսի 29-ին ազգային անվտանգության գծով Միացյալ Նահանգների ղեկավարի օգնական Հերբերտ Մակմասթերը հայտարարել Է, որ Թրամփը մտադիր Է հուլիսի 7 – 8-ը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Ինչպես հունիսի 30-ին հաղորդել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Համբուրգի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ձեւաչափի եւ ժամանակի հարցը մշակվում Է դիվանագիտական ուղիներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում