ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի, ԵԱՀԿ Ավստրիայի նախագահության դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ քարտուղարության հետ:

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Վիգենինը բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծել է համաձայնեցված ձևաչափերի միջոցով շարունակական ջանքերի կարևորությունը՝ նշելով, որ խորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ ունի քաղաքական կամքի արտահայտման հարցում: «Տարածաշրջանում հակամարտությունները շարունակում են մարդկային բարձր և անհանդուրժելի գին ունենալ: Ես մտադիր եմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք կարող օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը՝ նպաստելու շարունակվող պաշտոնական ջանքերին և խթան հանդիսանալու համապարփակ ու կայուն խաղաղության համար»,- ասել է Քրիստիան Վիգենինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում