Սևանա լճից լրացուցիչ ջրառը միտված է ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է 2017 թ. Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել:

Արսեն Հարությունյանն ընդգծեց, որ ծրագիրը նպատակաուղղված է 2017 թ. Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն խմ: Ջրբացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն խմ ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների»,- նշեց նա:

Արսեն Հարությունյանը մանրամասնեց, որ ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության տված տեղեկատվության՝ 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն խմ՝ չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն խմ-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: «Նշվածով պայմանավորված, 2017 թ. հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն խմ անցած տարվա 14.3 մլն խմ-ի փոխարեն: 2016 թ. հունիսի 19-ին, 2015 թ. նույն օրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով, իսկ 2017 թ. հունիսի 19-ին, 2016 թ. նույն օրվա դրությամբ, ևս 18 սմ-ով»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա:

Լճից մինչև լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա:

Արսեն Հարությունյանը վստահեցրեց, որ Էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում առկա է ջրի բավարար քանակություն: «Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Վերոնշյալով պայմանավորված՝ լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները: Որակական առումով առաջարկվող փոփոխությունը նույնպես լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա՝ պայմանավորված լճի ծավալի ավելացմամբ և ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս և Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների գործարկմամբ»,- եզրափակեց Արսեն Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում