Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արևելյան հատվածի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում