Պետբյուջեում իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացված շահաբաժիններն աճել են 38 տոկոսով

Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-մայիսի ընթացքում ստացվել են 83.6 մլն դրամ շահաբաժիններ` կազմելով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվածի 6.6%-ը:

Նախորդ տարվա համեմատ նշված մուտքերն աճել են 38%-ով կամ 23 մլն դրամով:

Հաշվետու տարում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվել են 3.1 մլրդ դրամ տոկոսավճարներ` 93.5%-ով գերազանցելով առաջին կիսամյակի ծրագիրը և 8.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացվել է 3.1 մլրդ դրամ,որոնք առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշն ապահովել են 46.3%-ով և 48.1%‑ով գերազանցել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես` ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները կազմել են 3 մլրդ դրամ կամ ծրագրի 46.1%-ը, ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարները՝ 51.2 մլն դրամ կամ ծրագրի 63.3%-ը:

Ոչ պաշտոնական դրամաշնորհների գծով պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին ստացվել են 1.9 մլն դրամ չնախատեսված մուտքեր՝ 4.9 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում