Մենք երբևէ ագրեսորի դերում հանդես չենք գալու, բայց ցանկացած ագրեսիայի դրսևորում պատժվելու է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմի պահելաձևում որևէ նոր բան չկա, նույն ահաբեկչական, անմարդկային գործողություններ են, որոնք առողջ տրամաբանության շրջանակներում գնահատելն անհնարինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը:

«Ադրբեջանն օգտագործում է նաև նման զինատեսակներ, որոնց կիրառումը որևէ կերպ չի փոխում ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Պարզապես ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է, այսպես ասած մոլագար երկիր է: Ադրբեջանն ստացել է անհամարժեք պատասխան: Նրանք, ըստ երևույթի, ունեն կորուստներ, այն էլ բավականին շոշափելի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է մարդկային կորուստներ ունենալուն, Դավիթ Բաբայանն ասաց, որ սովորության համաձայն՝ հակառակորդն իր կորուստները թաքցնում է, հետո, շաբաթներ անց հայտնում է, թե զինվոր է մահացել օձի խայթոցից, արևահարվել է և այլն:

Արցախի դիրքորոշման վերաբերյալ ԱՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ հայկական կողմը միշտ ընդգծել է, որ Արցախի Հանրապետության ռազմական հայեցակարգի հիմքում ընկած է ակտիվ պաշտպանությունը.«Այսինքն՝ մենք երբևէ ագրեսորի դերում հանդես չենք գալու, բայց ցանկացած ագրեսիայի դրսևորում պատժվելու է»:

Հարցին, թե ինչ վիճակ է տիրել սահմանին գիշերը, Բաբայանն ասաց, որ գիշերը նորմալ է անցել.« Նման կրակոցներ դիպուկահարներից և այլ տիպի, միշտ էլ լինում են, բայց դա դարձել է սովորական: Գիշերը նորմալ է անցել»:

Հիշեցեննք, որ ԱՀ ՊԲ-ն երեկ տեսանյութ և ձայնագրություն էր տարածել, որոնցում երևում է, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից կրակոցներ էր արձակվել, ինչից հետո նոր միայն արցախյան կողմը պատասխանել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում