Բաքուն հաստատել է հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականություն դրսևորելու փաստը

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են այն փաստը, որ խտրականություն են դրսևորում այդ երկիր այցելող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ կամ հայկական ծագում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, խնդրի առնչությամբ ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից հնչեցված մտահոգությանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Նա չի հերքել, որ նման խտրականություն իսկապես դրսևորվում է՝ պատճառաբանելով իրենց նման գործելաոճն այն շինծու մեղադրանքով, թե իբր այդ ՌԴ քաղաքացիները «կարող են Ադրբեջանում սադրանքներ իրականացնել»: «Մենք անվտանգության նման քայլեր ենք ձեռնարկում և այս մասին հայտնել ենք ռուսական կողմին»,- ասել է Հաջիևը:

Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել խտրական վերաբերմունքն այդ երկիր ժամանող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ: «Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն իսկապես խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքի հիման վրա: Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելաոճը, որը չի համապատասխանում երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրադրությունից»,- հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ 2017 թվականի ընթացքում ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց մի քանի ժամով սպասեցրել են, որոշ դեպքերում անգամ առանց ուտելիք, ջուր և բժշկական օգնության, այնուհետև իրենց իսկ հաշվին հետ էին ուղարկել: Որպես պատճառաբանություն է նշվել նրանց հայկական ազգանունները, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են հայկական նախնիներ ունենալու փաստը բացահայտելու նպատակով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում