Էրդողանն ու Մերկելը G-20-ի գագաթնաժողովից առաջ Համբուրգում հանդիպում կունենան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Համբուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովից առաջ հանդիպում կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը:

Նա հայտնել է, որ թեպետ դեռ հանդիպման ժամը հստակեցված չէ, սակայն հայտնի է, որ այն տեղի է ունենալու գագաթնաժողովից առաջ՝ Մերկել-Թրամփ հանդիպումից հետո:

Զայբերտը հայտնել է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է թուրքական կողմին:

Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Դրանից հետո նա ծրագրել էր հանդիպել իր կողմնակիցների հետ, սակայն տարբեր սրահներ, որտեղ հանդիպում կազմակերպելու համար դիմում է ներկայացվել, մերժել են նրան:

Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:

Գերմանիայի մեկ այլ՝ Օբերհաուզեն քաղաքում գտնվող König-Pilsner-Arena համալիրը ևս մերժել է Էրդողանի միջոցառումն անցկացնելու դիմումը: Սրահի ղեկավարությունից հայտնել են, որ ամռանը König-Pilsner-Arena-ում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետևանքով իրենք չեն կարող սրահը տրամադրել միջոցառման անցկացման համար:

Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա:

Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում