Ադրբեջանն իր հասարակության մոտ բարձրացնում է հայատյացության մակարդակը. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ադրբեջանական կողմի վարքագիծը՝ մահացած երեխայի լուսանկարների տիրաժավորման ու շահարկման հետ կապված, համարում է էթիկայի նորմերի կոպիտ խախտում: Քաղաքագետն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, ինչպես եք գնահատում Ադրբեջանի գործելաոճը, երբ սադրանքներ հրահրելով ու սեփական խաղաղ բնակչությանը կենդանի վահան դարձնելով իրավիճակի լարումից հետո տարածում է մահացած երեխայի լուսանկարն ու խեղաթյուրում իրականությունը:

-Անցած ապրիլին ադրբեջանական հրետակոծության հետևանքով հայ երեխա զոհվեց, սակայն արցախյան կողմը չմտածեց անգամ հրապարակել որևէ լուսանկար: Հուլիսի 4-ի միջադեպի հետևանքով մահացած ադրբեջանցի երեխայի լուսանկարների տիրաժավորումն ակնհայտորեն խոսում է մեկ բանի մասին. Ադրբեջանում ոչ միայն չեն հարգում էթիկայի նորմերը, այլև միանգամայն գիտակցված ձևով բարձրացնում են իրենց հասարակության մեջ առանց այդ էլ բարձր հայատյացության աստիճանը: Եվ իհարկե, շատ կարևոր է, որ միջազգային հանրության համար զգալի լինի երկու հասարակությունների աշխարհընկալման տարբերությունը: 2016-ի ապրիլին Ադրբեջանում մեծարում էին զինվորական համազգեստով մարդու գլուխ կտրած ելուզակներին: Իսկ արցախյան կողմը ցավ և ափսոսանք է հայտնում ադրբեջանցի երեխայի մահվան կապակցությամբ, չնայած դրա պատճառը հակառակորդ կողմի զինվորականությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում