Սիրիայի քրդական ուժերը չեն բացառում Թուրքիայի հետ բախումները առաջիկա օրերին

Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG) հրամանատար Սիփան Հեմոն հայտարարել է, որ ստեղծված պայմաններում հնարավոր է իսկական հակամարտություն սկսվի թուրքական կողմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Reuters գործակալության հետ:

«Թուրքիայի կողմից իրականացվող նախապատրաստությունները հասել են պատերազմ հայտարարելու մակարդակի և կարող են հանգեցնել առաջիկա օրերին իսկական բախումների: Մենք չենք պատրաստվում պոտենցիալ ագրեսիայի պայմաններում անգործության մատնվել»,– ասել է նա:

Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը հայտարարել էին, որ թուրքական հրետանին կրակի տակ է առել Հալեպից հյուսիս գտնվող Աֆրին շրջանի քրդաբնակ շրջանները:

Թուրքական IHA գործակալությունը, հղում անելով իր ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի զինուժը Աֆրինի շրջանում 20 հարված է հասցրել Սիրիայի քրդերի պաշտպանական դիրքերին: Նշվում է, որ հարվածները հասցվել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված հրթիռային կայանքներից:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըն էլ հայտարարել էր, որ Անկարան չի բացառում ռազմական գործողության իրականացումն Աֆրինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում