ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն այլընտրանք չունեն. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի սադրանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվո՞ւմ է:

«Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե ամենաբարձր մակարդակով, թե նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմանը հաջորդած` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծեց, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են: «Բայց մինչև այդ արձագանքը մենք խոսել էինք թե եռանախագահների, թե Անջեյ Կասպշիկի հետ»,- ընդգծեց Նալբանդյանը:

Ադրբեջանական կողմը սկսել է շահարկել 2-ամյա երեխայի մահը: «Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե նախարարության մամուլի խոսնակի, թե արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին»,- եզրափակեց Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում