ԵԱՏՄ միասնական արժույթի մասին առաջիկա 15-20 տարվա կտրվածքով խոսք լինել չի կարող. ՀՀ ԿԲ նախագահ

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ձևավորման մասին քննարկումներ այս պահին չկան և չեն լինի մինչև 2025թ.: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Դրա մասին շատ խոսակցություններ եղել են, սակայն այս պահին մենք գոնե մեր գործընկերների հետ միանշանակ մոտեցում ունենք այս հարցում: Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր 5 պետությունների Կենտրոնական բանկերի ղեկավարներով պայմանավորվել ենք, որ մինչև 2025թ. այդ մասին ընդհանրապես չենք էլ խոսելու: 2025թ. հետո մենք պետք է նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն միության անդամ երկրների տնտեսությունները, նոր միայն կարող ենք սկսել քննարկել այդ հարցը»,- ասաց Ջավադյանը:

ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ կոշտ է: «Ես կարծում եմ, որ այս պահին մենք ոչ միայն պատրաստ չենք, այլ մոտ ապագայում գոնե 15-20 տարվա կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է»,– ընդգծեց Արթուր Ջավադյանը:

Նա հավելեց, որ իրենք, ականատես լինելով Եվրոպական միության միասնական արժույթի դրական և բացասական կողմերին, դասեր են քաղել, ու դա է պատճառը, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են այս պահին այդ մասին ընդհանրապես չխոսել: «Նման քննարկումներ հիմա չկա: Մենք նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել, որ մինչև 2025թ. այդ հարցին չենք անդրադառնալու»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում