Ադրբեջանը որևէ առումով պատրաստ չէ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կորյուն Նահապետյան

Ադրբեջանը իր քայլերով ցույց է տալիս, որ որևէ առումով պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հաճախ ձեռնարկվել են ռազմական գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Այս իրավիճակում, բնականաբար, մեր գործողությունները պետք է լինեն շատ հստակ: Եվ դուք, եթե հետևում եք վերջին օրերի իրադարձություններին, կարող եք համոզված լինել, որ Արցախի պաշտպանության բանակի պատասխան գործությունները համապատասխանել են իրավիճակին»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը հավելեց՝ առաջին անգամը չէ, որ արձանագրում են, թե Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են խաղաղ քաղաքացիական բնակչության թիկունքում, ինչը ցույց է տալիս, որ նրանց որևէ կերպ չի մտահոգում իրենց բնակչության անվտանգությունը: «Կարծում եմ, մենք պետք է շարունակենք համակարգված գործել միջազգային տարբեր հարթակներում: Կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին մենք թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական խողովակներով կիրականացնենք հստակ, նպատակադրված գործողություններ»,- ընդգծեց Նահապետյանը:

Կորյուն Նահապետյանը հայտնեց, որ օրերս Կիևում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում Ադրբեջանի պատվիրակը փորձել է խեղաթյուրել իրականությունը՝ ասելով, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի մեղավորը հայկական կողմն է, թե հենց հայկական կողմն է խախտում հրադադարի ռեժիմը: «Իհարկե, նա համարժեք պատասխան ստացավ, սակայն սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրականացնում է հեռուն գնացող քաղաքականություն, որի հիմնական նպատակը նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելն է; Մենք պետք է շատ զգոն լինենք, պատրաստ: Եվ այդ մասով թե քաղաքական, թե ռազմական և թե դիվանագիտական մեր բոլոր կարողությունները պետք է համախմբված օգտագործենք»,- եզրափակեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում