Չորս տոկոս գնաճը տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման ճիշտ հիմքեր. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է ՀՀ կենտրոնական բանկի դիտարկումներին, որ գնանկման պատճառներից մեկը համաշխարհային շուկայում հումքային ու պարենային ապրանքների գնանկման ներթափանցումն էր հայաստանյան տնտեսություն։

«Այս տարի ակնհայտ է, որ պետք է վերականգնվել, որովհետև գնանկումային միջավայրից հետո եթե աճում է նաև ներքին պահանջարկը, և կան դրական զարգացումներ, բնականաբար, այդ գները պետք է հետ գան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արամյանը։ Նրա խոսքով, ընթացիկ տարվա հինգ ամսում արդեն ունենք 12-ամսյա 1.6 տոկոս գնային միջավայր։ «Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել, որովհետև չորս տոկոս գնաճն այն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման համար ճիշտ հիմքեր, որպեսզի չտուժի տնտեսական աճը»,- նշեց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում