Ռուսաստանը կոչ է անում կայունացնել իրադրությունը ԼՂ շփման գծում

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում լարվածության սրացմանը:

«Հուլիսի 4-ին առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության ու երեխաների շրջանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների մտերիմներին և հարազատներին: Մենք անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրության կայունացման համար»,– ասաց Զախարովան:

Նա հայտարարեց նաև, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում